Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Երջանկությունն այն է, ինչ տեսել եմ իմ օբյեկտիվից»

«Երջանկությունն այն է,  ինչ տեսել եմ իմ օբյեկտիվից»
07.06.2013 | 12:06

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է պոլսահայ լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԻ «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:

Ցուցահանդեսը ներառում է տարբեր ժամանակներում աշխարհի տարբեր երկրներում արված ավելի քան 100 լուսանկար: Աշխարհագրությունը լայն է` Հայաստան, Ստամբուլ, Եգիպտոս, Մոնղոլիա, Ֆիլիպիններ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, առանձին բաժնով ներկայացված են նաև հանրաճանաչ մարդկանց լուսանկարները:
Վարպետի աշխատանքները նման թվաքանակով առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արա Գյուլերը ներկա էր ցուցահանդեսի բացմանը, նա անկեղծորեն ասաց, որ 130 պատկեր է բերել, բայց 35-ը չեն ցուցադրել, որովհետև տեղ չի եղել ցուցասրահում:
Աշխարհի մեծագույն լուսանկարիչն ասում է, որ ինքն ամենամեծը չէ, պնդում է նաև, որ լուսանկարչությունն արվեստ չէ, այլ մի ուրիշ աշխարհ: «Արվեստ է կինոն, որն իրականության հետ կապ չունի, սցենարը գրում են, ռեժիսորը մտածում է, ընթացք է որոշում, իսկ լուսանկարը իրականությունն է»,- ասաց նա:
Նշեց, որ ինքը լուսանկարիչ է, վերջին շրջանում շփոթում են լուսանկարչությունն ու ֆոտոլրագրությունը, մինչդեռ դրանք բոլորովին տարբեր աշխատանքներ են ենթադրում: Մի բանում համոզված է` լավ լուսանկարիչը միշտ պետք է պատրաստ լինի լուսանկարելու: Կորցրած ակնթարթների համար չի ափսոսում: Իսկ, այ, երջանկության հետևից վազել է ամբողջ կյանքում, բայց այդպես էլ չի կարողացել «որսալ»: Տարիների հեռվից եզրակացնում է` երջանկությունն այն է, ինչ տեսել է իր օբյեկտիվից: Լուսանկարել է հանրաճանաչ, գեղեցիկ կանանց` ավելի շատ կարևորելով էությունը: «Մարդու գեղեցկությունն անցողիկ է, բնավորությունն է մնայուն»,- ասաց վարպետը:
Նա ՈՒինսթոն Չերչիլի, Մարիա Կալլասի, Ջոն Բերգերի, Բերտրան Ռասելի, Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի, Ինդիրա Գանդիի, Վիլյամ Սարոյանի, Սերգեյ Փարաջանովի բացառիկ լուսանկարների հեղինակն է:
Փարաջանովին համարում է մտերիմ ընկեր, ասաց, որ ինքը լուսանկարել է Փարաջանովին, իսկ Փարաջանովն իր աշխատանքներից կոլաժներ է պատրաստել:
«Ազգությունը, հայ լինելը խնդիրներ, խոչընդոտներ չե՞ն ստեղծել «Դարի լուսանկարիչ», «Ամենաճանաչված հայ», «Ստամբուլի աչք» և այլ տիտղոսների արժանացած ստամբուլահայ լուսանկարչի համար»: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին` Արա Գյուլերն ասաց, որ ազգությամբ հայ լինելը խնդիր չէ և իր ստեղծագործական կյանքում չի խանգարել իրեն: «Հայ լինելն առավելություն է»,- ընդգծեց նա:
Ազգությունը երբեք չի թաքցրել: Սա պատասխանն էր լրագրողների այն հարցին, թե` ճի՞շտ է, որ երկար ժամանակ թաքցրել է իր հայ լինելը` անվտանգության նկատառումներից ելնելով:
Ամենահամարձակ լուսանկարիչը երկու անգամ բարձրացել է Արարատ լեռը: Չորս անգամ մասնակցել է պատերազմի: Ասում է, որ մարդիկ պետք է սիրեն միմյանց, պետք է բարեկամանան: Փոփոխվող Թուրքիայի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել չցանկացավ: «Եթե աշխարհում կա ինչ-որ բան, որ ես ատում եմ, քաղաքականությունն է»,- ասաց նա:
Սա նրա 5-րդ այցելությունն է Հայաստան: Ի՞նչն է փոխվել մեր քաղաքում, ի՞նչ է հասցրել նկատել, ֆիքսել: Վարպետը կեսկատակ-կեսլուրջ ասաց` բարձր կրունկները: «Ի՞նչ ծրագրեր ունի» հարցին անդրադառնալով` ասաց, որ 85 տարեկան է և ապագայի համար գլոբալ ծրագրեր չունի:
Գյուլերը ավելի քան 800 հազար լուսանկարների հեղինակ է, ցուցահանդեսից հետո նա իր աշխատանքները կնվիրի Հայաստանի Հանրապետությանը:
«Ժամանակն ապացուցեց, որ նա բացառիկ անձնավորություն է: Նրան ճանաչում է աշխարհը, իսկ նրա լուսանկարների միջոցով ճանաչում են աշխարհը»,- ասում է խմբավար, դիրիժոր, ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով` Արա Գյուլերը կենդանի լեգենդ է իր ապրած կյանքով, ստեղծագործական կյանքով, տեսակով և մտածողությամբ, նա ֆոտոպատմաբան է, որ հավերժին է ուղղում ամեն ինչ` սկսած պատմական մեծ իրադարձություններից մինչև մարդու ամենասովորական առօրյան:
Կարծում եմ, լուսանկարչական սարքը կանգնեցնում է ժամանակը, կյանքի այս կամ այն դրվագը, պահը: Արա Գյուլերի աշխատանքներում ժամանակը հոսում է, այստեղ կյանքը, մարդիկ շարունակում են ապրել:
Ցուցահանդեսը համակարգել են Ֆաթիհ Ասլանը, Տայք Միրիջանյանը և Ներսես Տեր-Վարդանյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ